Նախադեպային վճիռ, որը կբերի համակարգային բարենպաստ փոփոխությունների «կառուցապատող-գնորդ-պետական համակարգ» հարաբերություններում։
1SQ-ն և Universal Business Solutions Law Firm իրավաբանական ընկերությունը իրենց պրոֆեսիոնալիզմի և հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել են լուծել ևս մեկ ոլորտային համակարգային խնդիր 1SQ-ի կողմից կառավարվող նախագծերից մեկի իրավաբանական սպասարկման շրջանակներում:
Օրերս թիվ ՎԴ/1766/05/24 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված վերջնական դատական ակտերը մտան օրինական ուժի մեջ (Վճռաբեկ դատարանի կողմից մերժվեց ՀՀ կադաստրի կոմիտեի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը), ինչը լուրջ քայլ է կառուցապատման ոլորտում ներդրումներ իրականացնող գործարարների համար։
Ինչ խնդիր գոյություն ուներ մինչ այժմ.
Կառուցապատում իրականացնող ընկերությունները հաճախ կնքում են անշարժ գույքի գնման իրավունքի առուվաճառքի տարաժամկետ վճարման պայմանագրեր։
Երբ գնորդը պատշաճ չէր կատարում վճարումները և առաջանում էր ժամկետանց պարտք, կառուցապատողն անհրաժեշտություն էր ունենում պայմանագրով նախատեսված կարգով (էական պայմանների խախտման հիմքով պայմանագրի միակողմանի լուծում) լուծելու պայմանագիրը և դադարեցնելու այդ անձի գնման իրավունքի պետական գրանցումը։
Սակայն Կադաստրի կոմիտեն մերժում էր գնման իրավունքի դադարեցման դիմումը՝ պահանջելով նոտարական կարգով հաստատված կողմի համաձայնությունը՝ անտեսելով, որ պայմանագրով նախատեսված է միակողմանի լուծման կարգ և կողմի համաձայնությունը այդ դեպքում չի պահանջվում:
Այս մերժումները ստեղծում էին փակ շրջան՝
կառուցապատողը չէր ստանում պայմանագրով նախատեսված վճարները և միևնույն ժամանակ չէր կարող տնօրինել անշարժ գույքը,
պայմանագրի միակողմանի լուծումը և գնման իրավունքի դադարեցումը չէր ստանում պետական գրանցում,
գործընթացները հաճախ հասնում էին դատարան:
Թիվ ՎԴ/1766/05/24 վարչական գործով ուժի մեջ մտած դատական ակտերը վերջ դրեցին այս անորոշությանը:
Կադաստրի կոմիտեն իրավասու չէ մերժել գնման իրավունքի դադարեցման գրանցումը, եթե առկա է համապատասխան իրավական հիմք՝ պայմանագրի միակողմանի լուծման հիմքերի և կարգի նախատեսում պայմանագրով, պայմանագրի էական պայմանների խախտում (օրինակ՝ վճարումների չկատարում և ժամկետանց պարտավորություններ), պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ ծանուցում և ծանուցումը գնորդի կողմից ստանալը հավաստող ապացույց։
Այսինքն՝
Նման դեպքերում Կադաստրի կոմիտեն պարտավոր է կատարել գնման իրավունքի դադարեցման գրանցումը,
Կառուցապատողը կարող է ազատորեն վերականգնել իր տնօրինման իրավունքը,
Վերադարձնել անշարժ գույքն իր տիրապետման և տնօրինման տիրույթ, այդ թվում՝ վաճառքի նպատակով։
Ինչ է նշանակում գործարարների և ոլորտի մասնագետների համար.
Անշարժ գույքի գնման իրավունքի առուվաճառքի պայմանագրերը դառնում են ավելի պաշտպանված և կառավարվող։
Բոլոր կողմերն ունենում են իրավական հստակություն և կանխատեսելիություն։
