1SQ-ի կողմից կառավարվող երկրի ամենախոշոր պրոյեկտներից Dalan Technopark-ը նախագծերի կառավարման աշխարհահռչակ մասնագետների ուշադրության կենտրոնում է։

Օրերս Տեխնոպարկի շինհրապարակ էին այցելել PMI Հայաստանի թիմը և Պիեր Լե Մանը՝ Project Management Institute-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։

Պիեր Լե Մանը Հայաստան էր ժամանել PMI Armenia-ի կողմից կազմակերպվող Նախագծերի կառավարման համաժողովին և մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով, ինչպես նաև Դալանի գործընկեր Վի Ջի Էմ-ի հրավերով այցելել էր Տեխնոպարկի շինարարական հրապարակ։

Այցի ընթացքում Դալան Տեխնոպարկի գործառնական տնօրեն Հայկ Տեր Տաճատյանը և թիմի անդամները խոսեցին նախագծի բազմաշերտության մասին, ընդգծեցին միջազգային ստանդարտներով աշխատատեղեր ստեղծելու կարևորությունը։

Դալան Տեխնոպարկը համարվում է Հայաստանի կառուցապատման ոլորտի եզակի նախագիծ, որը պրոյեկտների կառավարման տեսանկյունից առանձնանում է կիրառվող մեթոդներով, գործիքակազմով և կառավարման մշակույթով։

Նախագծի ամբողջական կառավարումն իրականացնող Մեկ Էս Քյու ընկերության տնօրեն Գոհար Սաղոյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում նշեց․

<< Մենք առաջինն էինք  Հայաստանի կառուցապատման ոլորտում, որ դեռևս 2018թ-ին ներդրեցինք կառուցապատման նախագծերի կառավարման գաղափարը և զարգացնելով այն տարիների ընթացքում, այսօր արդեն կառավարում ենք երկրի ամենամասշտաբային նախագծերից մեկը և ներկայացնում այն միջազգային հանրությանը։

Մենք համակարգում ենք բոլոր ներգրավված թիմերի աշխատանքները, իրականացնում ենք գործընթացների ամբողջական կառավարում նախաշինարարական և շինարարական փուլերում՝ իրականացնելով իրավաբանական, ֆինանսական և հաշվապահական սպասարկում։

Հպարտ ենք, որ կարող ենք ներկայացնել Դալան Տեխնոպարկը որպես Կառուցապատման ոլորտի նախագծերի կառավարման լավագույն օրինակներից մեկը Հայաստանում>>։

Դալան Տեխնոպարկը ոչ միայն կառուցապատման ոլորտի խոշոր և նշանակալի ներդրումային նախաձեռնություն է, այլև պրոֆեսիոնալ նախագծերի կառավարման առաջատար օրինակ։ Նման այցերը հնարավորություն են տալիս Հայաստանի փորձը ներկայացնելու միջազգային համայնքին և խթանելու մասնագիտական երկխոսությունը։

Կիսվել
Դեպի վեր